Սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների միսը ոչնչացված է, հոսպիտալացվաների վիճակը բավարար է գնահատվում. Իսահակյանի համայնքապետ
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում հայտնաբերված սիբիրյան խոցի դեպքերով հոսպիտալացված 7 անձանց առողջական վիճակը բավարար է գնահատվում, սակայն նրանք դեռ հոսպիտալացված են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Իսահակյանի համայնքապետ Արտավազդ Արսենյանը։ «Հիվանդությունն ի հայտ գալու օրը 2 խոշոր եղջերավոր անասուն է մորթվել և 6 մանր եղջերավոր անասուններ։ Մորթված կենդանիների միսը բաժանվել էր գյուղում, սակայն դեպքը ի հայտ գալուց հետո միսը հետ է բերվել և ոչնչացվել է»։
Ճշտող հարցին, թե մսի տարածման վտանգ կարո՞ղ է լինել՝ նա վստահեցրեց, որ միսն ամբողջությամբ ոչնչացված է։ Ինչ վերաբերում է այլ կենդանիների մոտ տարածմանը՝ նա նշեց, որ անցած 2 օրերի ընթացքում գյուղում մանր եւ խոշոր եղջերավոր անասունների 12 անկման դեպք է տեղի ունեցել, որոնցից 6-ը խոշոր եղջերավոր անասուններ են եղել։
«Այսօր նման դեպք դեռ չենք ունեցել։ Հիմա սպասում ենք, եթե առաջիկա 3 օրերին գյուղում կենդանիների անկում ունեցանք, ապա պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, եթե ոչ՝ նշանակում է վարակը բարեբախտաբար տարածում չունենք»։ Նա նաև տեղեկացրեց, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցները և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը գյուղում ուսումնասիրություններ են անում, վերահսկողություններ են իրականացնում։
Անդրադառնալով Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանի ինքնասպանությանը՝ Արսենյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1–ի առավոտյան։ «Հիվանդության տարածման և անասնաբույժի ինքնասպանության միջև ես որևէ կեպ չեմ տեսնում»,-ասաց նա։