Գևորգ Ղազարյանը փորձաշրջան է անցնելու «Այնտրախտ Բրաունշվեյգում»
Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան «Այնտրախտ Բրաունշվեյգում» շարունակելու հնարավորություն ունի: Բունդեսլիգայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայ ֆուտբոլիստ վաղվանից փորձաշրջան է անցնելու «Այնտրախտում»:
«Մենք նախ կտեսնենք` արդյոք Գևորգը ֆիզիկական և մարդկային տեսանկյունից համապատասխանում է մեր թիմին, ապա որոշում կկայացնենք»,-հայտարարել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Մարկ Արնոլդը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Ղազարյանը «Շախտյոր» տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգից» վարձավճարով, իսկ նոյեմբերին ղազախական ակումբը գնեց հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և երկու տարվա պայմանագիր կնքեց:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Այնտրախտը», 17 տուրի արդյունքներով, ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: