Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու: Այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացած Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե որպես վարչապետի թեկնածու իր անունն է շրջանառվում։
Թաթոյանի դիտարկմամբ՝ գործընթացը, որը կոչում են սահմանազատում, անօրինական է։
«Այս պրոցեսը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, մեր անվտանգության համակարգը խաթարող պրոցես է։ Այդ հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։ Այս գործընթացը կոպտորեն հակադրվում է մեր շահերին, ստեղծվում է կարծրատիպ, թե իրականացվում է օրինական սահմանազատում»,-ասաց Թաթոյանը՝ պնդելով՝ պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ չկա որևէ համաձայնագիր։
Արման Թաթոյանը նկատեց՝ խիստ վտանգավոր գործընթաց է սկսվել եկեղեցու նկատմամբ, իշխանությունները թիրախավորում են եկեղեցին և սրբազանին։