«Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
![](/timthumb.php?src=disc/19-05-24/153120744be05caad2611d878616de24.jpg&w=450)
Մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղից դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ «Liana Garden» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ապա պայթյունի ձայն լսվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայում բռնկված կրակի դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները:
Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին՝ Երեւանի բնակիչ, 34-ամյա Արսեն Գ.-ին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եւ քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն: