Վրաստանը 900 000 դոլար մրցանակային ֆոնդով վիճակախաղ կանցկացնի պատվաստվածների շրջանում
Վրաստանի կառավարությունը մտադիր է կանոնավոր վիճակախաղ անցկացնել այն քաղաքացիների համար, որոնք արդեն պատվաստվել են երկրում գրանցված պատվաստանյութերից առնվազն մեկ դեղաչափով, հայտնում է kommersant.ru-ն:
Վրաստանի նախարարների կաբինետին առընթեր համավրակի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության համաձայն՝ COVID վիճակախաղի ընդհանուր ֆոնդը կազմում է 2,8 միլիոն լարի (մոտ 900 000 դոլար):
Ամեն օր բոլոր պատվաստված անձինք վիճակախաղին կմասնակցեն պատվաստումների գրանցման ժամանակ գրանցված իրենց անձնական տվյալների հիման վրա:
Վիճակախաղի շրջանակում ամեն օր խաղարկվելու են 100 (32 դոլար) և 500 լարի (160 դոլար), իսկ յուրաքանչյուր շաբաթվա վերջում` 5000 (1,6 հազար դոլար) և 10 000 լարի (3,2 հազար դոլար): Ամանորի գիշերը կանցկացվի գլխավոր մրցանակի՝ 100 000 լարիի (ավելի քան 32 հազար դոլար) խաղարկությունը:
Վրաստանը հետ է մնում իր բոլոր հարևաններից և աշխարհի շատ երկրներից՝ COVID-19- ի դեմ պատվաստված մարդկանց համամասնությամբ: Մինչ այժմ քաղաքացիների միայն 13%-ն է լիովին պատվաստված Pfizer, AstraZeneca, Sinovac և Sinofarm պատվաստանյութերով: