Տեսնում ենք, որ Ադրբեջանը գերիների հարցի քաղաքականացման փորձեր է անում, նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչն արդեն արվում է․ Արման Եղոյան (տեսանյութ)
Երեկ մեր երկարատև ու համար ջանքերից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մտավ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ–ն դեմ է քվեարկել այդ հարցն օրակարգ ընդգրկելուն, քանի որ փաթեթով ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալինի հարցի քննարկումը, Արման Եղոյանն ասաց, որ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տեսել դեռ։ Նա՝ քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերն առաջարկեց ուղղել պատվիրակության անդամներին, երբ վերադառնան Երևան։
Արման Եղոյանը կարևորեց այն, որ հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ նիստի օրակարգ, հարցը քննարկվելու է։ «Գերիների հարցը, որքան էլ փորձում ենք չքաղաքականացնել, քանի որ քաղաքականացնելու դեպքում այն վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի ․․․ Մենք միշտ պնդել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, բայց քանի որ տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,– ասաց նա։
Արման Եղոյանը նաև նշեց, թե որքան տեղյակ է, այս ընթացակարգով բանաձևի ընդունում չի սպասվում։ Այդուհանդերձ, ըստ նրա, գերիների վերադարձի հարցում սա մի քայլ է։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ նա ասաց, որ արդեն հայտարարվել է, որ այն կլինի ապրիլի վերջին տասնօրյակում, իսկ հրաժարականից հետո պաշտոնակատարը կլինի Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե կուսակցությունը առանձին կգնա ընտրություններին, թե դաշինքով, Արման Եղոյանն ասաց, որ այդ հարցը դեռ քննարկվում է։