Սա ավագանու ընդդիմադիր անդամի քաղաքական հետապնդում է. Դավիթ Խաժակյանը՝ իրեն հարցաքննության հրավիրելու մասին
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի ավագանու նիստում տեղեկացրել է, որ երեկ առավոտյան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համար ամրագրված մեքենայի վարորդի տուն են այցելել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները և նրան տարել Ոստիկանություն՝ բացատրություն տալու:
«Հարցերը, որոնք ուղղվել են, նպատակ են ունեցել պարզելու, թե որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները և ինչո՞ւ եմ ես առանց իր իմացության ինձ նկարած լուսանկարներում վարում խմբակցության մեքենան: Ոստիկանները բաժին են հրավիրել նրա կնոջը, հարցրել, թե նա տեղյա՞կ է, թե ինչ աշխատանք է կատարում իր ամուսինը: Կարելի էր դիտել փետրվարին «Արմլուր» լրատվական կայքի «Քայլ առ քայլ» հաղորդումը, որտեղ ես իմ աշխատատեղի կայանատեղիից նստում եմ մեքենան և գալիս քաղաքապետարան և պատմում ավագանու անդամի աշխատանքի մասին»,-ասաց Խաժակյանը:
Նա նշեց, որ երեկ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնից ստացել է ծանուցում, որով իրեն հրավիրում են հարցաքննության բոլորովին այլ քրեական հարցի շրջանակում:
«Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է: Դուք պետք է ապացուցեք, որ նախկին ու նորը դա միայն ժամանակագրություն չէ, դա բնութագիր է, վարվելակերպ է, որը կրում եք դուք և տեսանելի դարձնում քաղաքացիների համար: Խոսքս կավարտեմ քաղաքական կյանքին հայտնի, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից այդպես էլ չընկալված ելույթից դրվագով՝ «հաղթում է զուսպը, ինքնավստահը, ոչ թե հախուռնը կամ խելագարը»:
Ինչպես նա է ասում, կեցցե ազատությունը, կեցցե անկախությունը, և կեցցե այն Հայաստանը, որ ձեզանից հետո է գալու: Ես այսօր ստացա իմ հերթական ծանուցումը, որ ժամը 3-ին պետք է գնամ»,-ասել է Խաժակյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով Դավիթ Խաժակյանին, ասել է. «Ինչի՞ց պետք է մարդիկ վախենան ձեր ելույթների՞ց, ձեր ելույթները մեզ միայն օգուտ են, հարյուր անգամ ասել եմ: Յուրաքանչյուր ելույթ սուր է թե բութ, միայն օգուտ է: Վստահեցնում եմ՝ ոչ մեկը ոչ մեկին չի ուզում լռեցնել, ինչքան մարդիկ շատ խոսեն, այդքան դա իշխանության օգուտն է: Իսկ ինչ՞ւ պետք է հասարակ քաղաքացուց տաբեր ձեզ կամ որևէ մեկին վերաբերվեն»:
Խաժակյանը արձագանքել է․ «Լավ չեմ հասկանում ինչի՞ եք 6-րդ վարչության խոսնակի պաշտպանի դերակատարումը ստանձնել։ Դուք էլ մի օր հայտնվելու եք իմ կարգավիճակում։ Եթե ձեր նկատմամբ այնպիսի մանրախնդրությամբ մոտենային, ինչպես իմ նկատմամբ, ոչ թե ծանուցում ձեզ կտային, որ խնդրում ենք՝ եկեք, ներկայացեք, այլ ձեր այսքան ժամանակվա գործունեության արդյունքից ելնելով 6-րդ վարչությունը կմտներ այստեղ և ձեզ այստեղից դուրս կհաներ: Այնպես որ ակնհայտ կա տարբերություն, որի մասին մարդիկ ուշ, թե շուտ կիմանան»:
Հայկ Մարությանը պատասխանել է. «Ես դա բացառում եմ, քանի որ թե ձեր և թե մյուս մարդկանց նման ինֆորմացիայի փոխանցման միջոցներով ամենաաբսուրդ մտքերը մեր պատկան մարմինները վերցնում են որպես վարույթ եւ ամենաաբսուրդ հարցերով կանչում և հարցաքննում են, պարզելու այդպես է՝ թե ոչ: Հիմա ինչի՞ եք խառնվել եթե ձեր կարծիքով սա աբսուրդ է ուրեմն աբսուրդ է, ինչ քաղաքական գործիչ, ինչ հետապնդում, լավ էլի»: