BMW-ն կոտրել է երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Գետառում․ վիրավորներ կան
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Գետառի վրա տեղադրված երկաթե ճաղավանդակներին, մոտ 40 մետր ճաղավանդակ կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Գետառում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կորյան Ապրեսյանը, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մանուկյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վահե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներից 2-ին մեծ դժվարությամբ դուրս են բերել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին դարձյալ մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։
Բոլոր վիրավորներին դուրս են բերել պատգարակով և մինչ հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կորյուն Ապրեսյանը։
Տեղում նաև հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ, մինչ դեպքի վայր կբերվի հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան դուրս բերվի Գետառից, որից հետո քննիչի հանձնարարականով տեղափոխվելու ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանավող հատուկ տարածք։