Որպես անհետ կորած որոնվող 24-ամյա երիտասարդի մարմինը հայտնաբերվել է անդունդի մեջ

Մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության մեջ հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, սակայն այնտեղ իջնելու համար օգտագործել են հատուկ ճոպաններ, քանի որ բավականին դժվարանցանելի և վտանգավոր էր այնտեղ հասնելը: Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:
Մարտի 23-ին, առավոտ ժամը 06:00-ից փնտրում էին մահացածին, քանի որ նրան որպես անհետ կորած ոստիկանությունը որոնում էր: Դին մեծ դժվարությամբ փրկարարները, ոստիկաններն ու մահացածի հարազատները ճոպանի միջոցով դուրս են բերել անդունդից:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է: