Թբիլիսի-Բեռլին թռիչքը կայացել է առանց ուղևորների
Հունգարա-լեհական Wizz Air բյուջետային ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Վրաստանի Քութայիսի քաղաքի օդանավակայանից Բեռլին է թռել առանց ուղևորի։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:
Նշվում է՝ ձյան առատ տեղումների պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված Թբիլիսիից Քութայիսի օդանավակայան մեկնող ավտոբուսն ուշացել է, որի պատճառով էլ ուղևորները չեն կարողացել նշված ժամին օդանավակայան ժամանել։
RadioTavisupleba-ն հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին, գրում է, որ Wizz Air-ի աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ուշացած ուղևորներին մուտք գործել օդանավակայան։
Wizz Air-ը դեռևս չի մեկնաբանել հարցը։
Հարկ է նշել, որ հետաձգվել է նաև Քութայիսիից Աթենք չվերթը. այս դեպքում ավիաընկերությունը հաշվի է առել օդերևութաբանական պայմանները։