Հնդկաստանում սմարթֆոնների օգտագործման համար տուգանք է սահմանվել
Հնդկաստանի գյուղերից մեկում տեղի իշխանություններն արգելք են մտցրել անչափահասների կողմից սմարթֆոնների օգտագործման համար։ Այս մասին հայտնում է 91mobiles հրատարակությունը։ Խոսքը Մահարաշտրա նահանգի Բանսի բնակավայրի մասին է։
Գյուղապետարանում արգելքը բացատրել են գաջեթներից երեխաների կախվածությամբ։ Նոր կանոնը խախտող անհնազանդ դեռահասների ծնողները կտուգանվեն 200 ռուփիով։ Նշվում է, որ նոր որոշումը միաձայն ընդունվել է գյուղի ավագանու անդամների վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին։
«Մենք գիտենք, որ իրականացման հետ կապված դժվարություններ կլինեն, բայց դրանք կլուծենք ընտանիքների հետ դաստիարակչական զրույցների միջոցով։ Տուգանքները կգանձվեն միայն կրկնվող խախտումների դեպքում։ Առաջին օրինազանցությունից հետո մենք խորհրդատվություններ կանցկացնենք»,- մեջբերում է 91mobiles-ը գյուղի վարչակազմի ներկայացուցիչներից մեկին՝ Գաջանան Թեյլին։
Թեյլի խոսքով՝ սմարթֆոններից երեխաների կախվածությունը խորացել է վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ COVID-19 համավարակի պատճառով շատերը ստիպված են եղել տանը ավելի շատ ժամանակ անցկացնել: