Եվրոպան կվճարի Կիևին օգնելու գինը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է Ուկրաինային շարունակաբար աջակցելու անհրաժեշտությունը, սակայն խոստովանել է, որ դա հեշտ գործ չէ, և Եվրոպան Կիևին օգնելու համար գին կվճարի։ Այս կարծիքը նա հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես այսօր մասնակցել եմ նախագահ (Ուկրաինա Վլադիմիր) Զելենսկու «Ղրիմի հարթակ» ֆորումին, և այնտեղ գտնված բոլոր առաջնորդների կողմից հղված ուղերձը շատ պարզ էր. մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ և կաջակցենք նրան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Սա ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուղերձն է»,- ասել է Ստոլտենբերգը:
Դրա հետ մեկտեղ, Ստոլտենբերգը զգուշացրել է, որ գալիք ձմեռը դաժան է լինելու։ «Մենք գին կվճարենք՝ Ուկրաինային աջակցելու համար, պատժամիջոցների և, իհարկե, այն փաստի պատճառով, որ Ռուսաստանը օգտագործում է էներգիան որպես զենք», – պնդում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: «Բայց մենք պետք է հասկանանք, որ այլընտրանք չկա»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ արևմտյան երկրները պետք է շարունակեն ընտրված կուրսը, որպեսզի «մեծացնեն Ուկրաինայի տեսանկյունից ընդունելի արդյունքի հավանականությունը»։ «Լավագույն բանը, որ մենք կարող ենք անել, Ուկրաինային ռազմական, ֆինանսական, հումանիտար և տնտեսական աջակցություն տրամադրելն է»,- ընդգծել է նա։