Հայաստանն ու Ադրբեջանը հավակնում են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակին
Ադրբեջանն ու Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կարգավիճակի հավակնորդներ են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ այս կարգավիճակի համար շատ դիմորդներ կան, այդ թվում՝ արաբական ու ասիական որոշ երկրներ։
ՌԴ արտաքին քաղաքականության ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանը ստացել է «պաշտոնական թեկնածուի կարգավիճակ» ՇՀԿ-ում, և նրա անդամակցության գործընթացն արդեն մեկնարկել է։
«Դեռևս կան մի շարք հավակնորդներ դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերների կարգավիճակի համար։ Նման հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք արաբական երկրներ, Հայաստանը, Ադրբեջանը, ասիական մի շարք երկրներ։ Մինչև գագաթնաժողովը կշարունակվեն խորհրդակցությունները արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով,-ասել է ռուսական դիվանագիտության ներկայացուցիչը:
ՇՀԿ անդամ երկրների պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։