Եթե Արցախի հարցը չի լուծվելու, ապա էլ ինչու էիք իշխանության համար կռիվ տալիս. Լևոն Հայրյան
Եթե Կառավարություն մեր հարցերի պատասխանը չունի, ապա ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա պաշտոնավարման գործընթացը: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
Ըստ Լեւոն Հայրյանի՝ Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, եթե երկրի ղեկավարը անում է ապազգային հայտարարություն, ապա ինքը չպետք է աշխատի:
«Մենք կառավարությունից պահանջում ենք հստակ պատասխան՝ արդյո՞ք մտածում են մեզ մեր հայրենիք վերադարձնելու մասին, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Սա կապվում է Արցախի կարգավիճակի հետ. եթե Արցախին կարգավիճակ չտան, մենք ոչ միայն չենք վերադառնա Արցախ, այլև կաշխատենք մեր հայրենակիցներին դուրս բերել Արցախից: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրեր: Եթե մեզ փախստականի կարգավիճակ չտան, ապա Ալիևը ասելու է, որ իրենք Հայաստանից տեղափոխված բնակիչներ են, և գնացել են իրենց հայրենիք: Հաջորդը՝ պատրաստվո՞ւմ են Արցախից տեղահանվածների համար բնակավայր պատրաստել, եթե ոչ, ապա ինչու՞: Կամ էլ պատրաստվո՞ւմ են մեզ հանձնել որևէ երկրի խնամքին: Այս հարցերն ենք այսօր ուղղելու Կառավարությանը: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ոչ են, ապա իրենք ինչպես են պատկերացնում իրենց պաշտոնավարման գործընթացը: Եթե Կառավարությունը չարձագանքեց, ապա ստիպված ենք դիմել միջազգային կառույցներին»,- ասաց նա:
Հայրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն տեր-Պետրոսյանի կառավարման ձեռագրերը միմյանց են նման, քանի որ երկուսն էլ ասում են, որ միևնույն է Արցախի հարցը չի լուծվելու:
«Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, եթե երկրի ղեկավարը անում է ապազգային հայտարարություն, ապա ինքը չպետք է աշխատի: Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի ձեռագիրը իրար են նման: Տեր-Պետրոսյանն էլ էր ասում՝ մեկ է այդ հարցը չի լուծվելու, բա որ չի լուծվելու, ինչու՞ էիր կռիվ տալիս իշխանության համար: Իրենք պատրաստ են մի ամբողջ ազգ կործանել, միայն թե իրենց աթոռներին նստեն»,- ասաց Հայրյան:
Հայրյանը նշեց, որ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։