ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային գլխավոր հակառակորդ չի համարում եւ չի պատրաստվում առաջինը հարձակվել նրա վրա
ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային գլխավոր հակառակորդ չի համարում եւ չի պատրաստվում առաջինը հարձակվել նրա վրա, սակայն էսկալացման դեպքում պատրաստ է միջուկային զենք կիրառել Սեուլի դեմ։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, ում խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«Եթե մեզ չսադրեն, մենք երբեք առաջինը չենք հարվածի։ ԿԺԴՀ-ն ոչ մի կրակոց չի արձակի Հարավի ուղղությամբ: Մենք Հարավային Կորեային մեր գլխավոր հակառակորդը չենք համարում: Եթե Հարավային Կորեայի զինված ուժերը ռազմական գործողություններ չձեռնարկեն մեր դեմ, նրանք մեր բանակի թիրախը չեն համարվի»,- ասել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսկ եթե Հարավային Կորեան ընտրի ռազմական առճակատումը, մեր միջուկային ուժերը ստիպված կլինեն կատարել իրենց պարտականությունները»,- եզրափակել է Կիմ Յո Չժոնը: Ավելի վաղ նա նշել էր, որ Փհենյանը դեմ է պատերազմին, քանի որ Կորեական թերակղզու բնակիչները «մեկ ժողովուրդ» են։