ՏՄՊՊՀ. Սկսվել են վարույթներ բենզինի շուկայի բոլոր խաղացողների հանդեպ
Բենզինի հայկական շուկայում սկսվել են վարույթներ շուկայի բոլոր խաղացողների հանդեպ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում մարտի 1-ին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ բենզինի շուկայում խնդիրներ կան։ Ամենամեծ խնդիրներից մեկը լաբորատոր հնարավորությունների բացակայությունն է ստուգումների անցկացման համար։ «Նշեմ, որ արդեն վարույթներ են սկսվել։ Հարուցվել են որակի սահմանված ստանդարտներին բենզինի անհամապատասխանության գործեր»,- տեղեկացրել է Գեւորգյանը։
Նա, սակայն, հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, ինչպես նաեւ նշել կոնկրետ ընկերություններ։ ՏՄՊՊՀ ղեկավարի հավաստիացմամբ՝ վարույթներն սկսվել են հայկական շուկայի բոլոր խաղացողների նկատմամբ։