Երկրի պետական համակարգը որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում. Գեղամ Մանուկյան
2018-ի իշխանափոխությունից հետո, երբ պետական համակարգը օր-օրի լցվում էր երիտասարդ կադրերով, որն ինքնին ոչ թե երիտասարդ լիցք էր հաղորդում, այլ յուրայիններով տոտալ բռնագրավում էր պետական հաստատություններում, գերատեսչություններում աշխատողներից շատերն ասում էին՝ դեռ մի քանի ամիս էլ կգոյատեւեն փորձառու կադրերով, հետո պարալիզացվելու է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հիմա օրենքի նախագծեր չեն մշակվում, նույն նախագիծը բերում մի բան փոխում են, 2 ամիս հետո բերում, նորից են փոխում, եւ երկրի պետական համակարգը որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում:
Հիմա կառավարությունը եկել է, առաջարկում է շատ արագ, շըփ-թըփ կարգով Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ անել: Սիրելի ուսուցիչներ, դպրոցներ երեխա ուղարկողներ, կառավարությունը ուզում է Հայաստանում ամբողջ կրթական համակարգը գլխիվայր փոխել՝ կառավարման իմաստով: Ուզում են երկու տնօրեն նշանակել. Մեկը ընտրովի տնօրեն, որը կրթական համակարգի պատասխանատուն է, մյուսը նախարարությունից ուղղակի: Սրանով կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը:
Երբ օրակարգը կգա, մենք կպատմենք, թե դահլիճում քաղաքական մեծամասնության թեկնածու պատգամավորներից մեկը ոնց է կրթական համակարգում արդեն սեփական ամուսնուն նշանակում այդ պաշտոնին»,-ասաց նա: