Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ
Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ, Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, ութ երկրների քաղաքացիների համար կգործի սահմանը հատելու կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 28-ից։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։
Համաձայն որոշման՝ ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով ունի վերջին 14 օրվա ընթացքում հետևյալ երկրներ մեկնելու պատմություն, Վրաստան մուտք գործելիս կենթակվի 14-օրյա մեկուսացման/կարանտինի։ Այդ երկրներն են՝ Հարավային Աֆրիկա, Բոտսվանա, Զիմբաբվե, Նամիբիա, Լեսոտո, Սվազիլենդ, Մոզամբիկ, Մալավի։
«14-օրյա մեկուսացումից/կարանտինից հետո անհատները կանցնեն «ՊՇՌ» հետազոտություն։
Վրաստանի քաղաքացիների դեպքում հյուրանոցի կարանտինային և «ՊՇՌ» հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ օտարերկրացին։
«Որոշումն ընդունվել է համակարգող խորհրդի կողմից՝ պայմանավորված այս երկրներում նոր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հայտնաբերմամբ, և այն կգործարկվի նոյեմբերի 28-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։