Որքան գումար է ԿԳՄՍՆ-ն վերջին 5 տարիների ընթացքում հատկացրել գովասանագրեր տպելու համար. Armdaily
Օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում մի հետազոտություն են իրականացնելու, որպեսզի պարզեն խրախուսման տարբեր ձևերի ազդեցությունը ուսումնառության վրա։ Նա հրավիրում էր ուսուցիչներին մասնակցելու հետազոտությանը և իրենց կարծիքը հայտնելու։
Փոխնախարարը նշում է, որ պետք է հասկանալ՝ արդյոք գովասանագրերը լավ գործիք են, եթե լավ գործիք են, արդյոք ճիշտ չէ, որ դրանք տրվեն դպրոցի կողմից, ոչ թե նախարարության։
Ըստ Անդրեասյանի՝ պետությունն ամեն տարի տպագրում է շուրջ 50 հազար գովասանագիր, որոնք տրվում են գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։ Դրան հատկացվում է զգալի գումար պետական բյուջեից։
ArmDaily.am-ը դիմել էր ԿԳՄՍՆ՝ պարզելու, թե վերջին 5 տարիների ընթացքում որքան գումար է հատկացվել գովասանագրեր տպագրելու համար։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից տրամադրեցին հետևյալ տվյալները՝
* 2016-2017 ուստարում տպագրվել է 40.000 հատ գովասանագիր (3.120.000 դրամ),
* 2017-2018 ուստարում տպագրվել է 52.900 հատ գովասանագիր (4.126.200 դրամ),
* 2018-2019 ուստարում տպագրվել է 55.000 հատ գովասանագիր (4.290.000 դրամ),
* 2019-2020 ուստարում տպագրվել է 63.000 հատ գովասանագիր (4.914.000 դրամ),
* 2020-2021 ուստարում տպագրվել է 63.000 հատ գովասանագիր (4.914.000 դրամ):