Դուք՝ գերմանացիներ, լեհեր, այսպես կոչված ԵՄ, ոչ թե պետք է մեզ խեղդեք, այլ ապաշխարեք ու ևս 100 տարի ծնկի գաք Բելառուսի ժողովրդի առջև, քանի որ մենք ենք ձեզ փրկել ֆաշիզմից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 80-ամյակի նախաշեմին պատժամիջոցներ է սահմանել Մինսկի նկատմամբ, հատկապես՝ Գերմանիան, հաղորդում է ТАСС-ը:
«Ապա մի սիմվոլիզմին նայեք: Երեկ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել մեր մարդկանց ու ձեռնարկությունների նկատմամբ: Հունիսի 22-ին, գիշերը: Փաստորեն, պատմությունը նրանց ոչ մի բան չի սովորեցրել: Համենայն դեպս, ես Գերմանիայից նման բան չէի սպասում: 80 տարի շարունակ՝ 1945 թ-ից հետո, գերմանացիները ցնցված էին ամբողջ Եվրոպայում, զղջում էին, լաց էին լինում, ծնկի գալիս, խնդրում հուշարձաններ բացել, հուղարկավորել նրանց՝ դեռևս չթաղված ֆաշիստներին, որոնք մեր հող էին ներխուժել: Եվ մենք բարի ու համբերատար էինք, և ի՞նչ»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն, իր այս խոսքերի տրամաբանությամբ շարունակելով, առավել կոշտ գնահատականներ է հնչեցրել Եվրամիության հասցեի:
«Դուք ոչ թե պետք է միայն ապաշխարեք, այլ ևս 100 տարի ծնկի գաք Բելառուսի ժողովրդի առջև, աղոթեք, որ պատերազմից հետո կարողացաք վերածնվել: Դուք ոչ թե պետք է խեղդեք, այլ ձեռքերի վրա պահեք մեզ. գերմանացիներ, լեհեր, այսպես կոչված Եվրամիություն, որովհետև մենք ձեզ փրկել ենք դարչնագույն ժանտախտից՝ ֆաշիզմից»,- ասել է Լուկաշենկոն: