Ավստրալիայում մկների ներխուժման պատճառով փակել են բանտը
Ավստրալիայի Ուելինգթոնի ուղղիչ կենտրոնի ղեկավարությունը մկների ներխուժման պատճառով ստիպված է եղել բանտարկյալներին տեղափոխել այլ հաստատություններ, հայտնել է BBC-ն:
Կրծողները զգալի վնաս են հասցրել բանտի ենթակառուցվածքին. նրանք վնասել են ներքին հոսանքալարերը եւ առաստաղի պանելները:
«Ուելինգթոնի ուղղիչ կենտրոնի ավելի քան 400 բանտարկյալներ եւ 200 աշխատակիցներ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտեղափոխվեն այլ հաստատություններ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նոր Հարավային Ուելսի ուղղիչ հաստատությունների կոմիսար Փիթեր Սեվերինը պարզաբանել է, որ մկների հասցրած վնասն այնքան զգալի է, որ ավելի հեշտ է տարհանել բանտարկյալներին եւ աշխատակիցներին: Ուղղիչ հիմնարկի աշխատանքը մասամբ կդադարեցվի շուրջ չորս ամսով, մինչեւ այն կմաքրեն, կվերականգնեն եւ կպաշտպանեն կրծողներից:
Սեվերինը նաեւ նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում մկների թիվն աճել է, քանի որ նահանգում աճում է կրծողների «գրոհը»: