Վերահաստատում ենք մեր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում։
Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի առնչությամբ։ Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։
Ֆրանսիան վերահաստատում է իր վճռականությունը՝ աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ։