Հրաձգություն Կազանի դպրոցում. զոհերի թիվը հասել է 11-ի. Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել (լուսանկարներ, տեսանյութ)
ՌԴ Կազան քաղաքի դպրոցում այսօր առավոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մանկավարժ և ութ աշակերտ, 4-ը հոսպիտալացվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից։
Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, որտեղ նաև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել են դեռահասները, նրանցից մեկին ձերբակալել են:
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ։ Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և տարածաշրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:
Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Թարմացված տեղեկություններով, ժամը 13:50-ի տվյալներով՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով շրջանի արտակարգ ծառայություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին: Աշակերտներից երկուսը մահացել են՝ երրորդ հարկից ցատկելով:
Միևնույն ժամանակ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտնել է 7 զոհի մասին՝ 4 տղայի և երեք աղջկա, որոնք բոլորն ութերորդ դասարանի աշակերտներ են եղել: Նրա տվյալներով՝ 16 մարդ է հոսպիտալացվել՝ 12 երեխա, 4 մեծահասակ:
Կազանի թիվ 175 դպրոցում անվտանգության համակարգ չի եղել ։ Այս մասին էլ հայտնել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը։
Նրա խոսքով` դպրոցում անվտանգության համակարգ չի գործել։ Միայն տագնապի ազդանշան է տեղադրված եղել, որը միացված է կենտրոնացված անվտանգության համակարգին։ Այդ իսկ պատճառով առաջինը դեպքի վայր են ժամանել Ռոսգվարդիայի արտագերատեսչական անվտանգության աշխատակիցները։
Շենքը, որտեղ բնակվելիս է եղել դպրոցում հրաձգություն իրականացնողներից մեկը, տարհանվել է: Բնակարաններում ստուգումներ են իրականացվում:
Շրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրաձգությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ. 6 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից հետո: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թաթարսատանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը:
Հրաձգություն իրականացնողներից մեկի զենքն օրինապես գրանցված է եղել: Այս մասին տեղեկացրել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը: Վերջինս հավելել է, որ դպրոցին և հրաձգությունից տուժածների ընտանիքներին կհատկացվի անհրաժեշտ օգնություն:
Ուժայինները վերացրել են Կազանի դպրոցում իրականացված հրաձգության երկրորդ մասնակցին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հարձակվողներից մեկը, որը դպրոցի տարածքում էր մնացել, վերացվել է:
Դպրոցի տարածքում աշխատում են հատուկջոկատայինները:
Սոցցանցերում հրապարակվում են դպրոցի ներսում արված կադրեր.