Նոր Զելանդիայի վարչապետն ասել է, որ Չինաստանի հետ տարաձայնությունները հարթելը դառնում է ավելի դժվար
Այսօր Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերն ասել է, որ երկրի գլխավոր առևտրային դաշնակից Չինաստանի հետ տարաձայնությունները հարթելը դժվարանում է, ինչը պայմանավորված է աշխարհում Չինաստանի դերի աճով և փոփոխությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Արևմտյան դաշնակից որոշ տարրեր ճնշում են գործադրել Նոր Զելանդիայի վրա այն բանի համար, որ վերջինս չի ցանկանում «Հինգ աչք» հետախուզական և անվտանգության դաշինքը (հետախուզական և անվտանգության դաշինք է, որի անդամ են Նոր Զելանդիան, Ավստրալիան, Կանադան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները) օգտագործել Չինաստանին քննադատելու համար։
«Այստեղ ոչ մեկի ուշադրությունից չի կարող վրիպել այն, որ Չինաստանի դերն աշխարհում աճելուն և փոխվելուն պես, մեր համակարգերի և այդ համակարգերը ձևավորող շահերի ու արժեքների միջև տարբերությունները դժվարանում է համաձայնեցնել», - ասել է Արդերնը և հավելել, որ սա մարտահրավեր է, որին բախվում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ինչպես նաև Եվրոպայի շատ այլ երկրներ։
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Նանաիա Մահութան անցյալ ամիս ասել էր, որ «Հինգ աչք»-ի դերի ընդլայնումը ճիշտ չէ, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել։ Այսպիսով Նոր Զելանդիան անցում է կատարում Չինաստանի համար ավելի բարեկամական կամ գոնե ավելի չեզոք դիրքորոշում ունեցող երկրների շարք։ Այս քայլը Նոր Զելանդիան կարող է տանել դեպի անկախ արտաքին քաղաքականության, որը կախված չէ որևէ խոշոր քաղաքական բլոկից։