Ուկրաինայում Վրաստանի դեսպանը տևական ընդմիջումից հետո վերադարձել է Կիև
Տևական ընդմիջումից հետո Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն վերադարձել է Կիև: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ սա ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:
Նախօրեին Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հանդիպել է Վրաստանի դեսպանի հետ, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են վրաց-ուկրաինական հարաբերությունների զարգացման ակտիվացման, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթություններում փոխգործակցության ակտիվացման ձգտումը` տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով:
Կողմերը քննարկել են տարվա ընթացքում բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ժամանակացույցը:
Վրաստանը իր դեսպանին հետ էր կանչել գրեթե 1 տարի առաջ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինայում պաշտոն ստանալու կապակցությամբ: