Մոտ 25 միլիոն դոլար. Ֆիլիպիններում առգրավվել են հսկա կակղամորթերի խեցիներ
Ֆիլիպինների իշխանություններն այսօր հայտնել են, որ երկրի իրավապահներն առգրավել են շուրջ 200 տոննա քաշով ահռելի չափերի հասնող կակղամորթերի խեցիներ, որոնց արժեքը գնահատվում է 24,8 միլիոն ԱՄՆ դոլար, գրում է The Guardian-ը:
Բնապահպանները մտահոգություն են հայտնել անհետացման վտանգի տակ գտնվող այս կենդանիների խեցիների անօրինական առևտրի աճի կապակցությամբ, որոնք փղոսկրի առևտրի համաշխարհային ճնշումից հետո օգտագործվում են որպես փղոսկրի փոխարինիչ:
Նշվում է՝ Ֆիլիպիններում և հատկապես երկրի արևմտյան Պալավան նահանգում են բնակվում աշխարհի ամենահսկայական արևադարձային խեցեմորթ տեսակները: Հենց այս պատճառով էլ այն համարվում է որսագողության օջախ:
Դեպքի առնչությամբ երկրի առափնյա պահպանության նախարարությունը հայտնել է, որ չորս կասկածյալ ձերբակալվել է Սուլու ծովի հեռավոր Կանաչ կղզում, որտեղ իրավապահներն ականատես են եղել երբևէ հայտնաբերված ամենամեծ կակղամորթերի խեցիների քանակությանը:
Հիշեցնենք՝ կակղամորթերը, որոնք կարող են ունենալ մինչև 1,3 մ լայնություն և կշռել մինչև 250 կգ, մարդու կողմից սպառվող շատ ձկնատեսակների սննդի հիմնական աղբյուրն են:
Բնապահպանների խոսքով՝ կակղամորթերի հսկայական խեցիները որպես այլընտրանքային հումք են օգտագործվում ականջօղերից մինչև ջահերի պատրաստման համար, քանի որ փղոսկրն օր-օրի ավելի սակավ է դառնում: