«Միացյալ Նահանգները պատրաստ է F-35 կործանիչներ մատակարարել Հունաստանին»․ Աթենքում ԱՄՆ դեսպան
Աթենքում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փյաթն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է F-35 կործանիչներ վաճառել Հունաստանին, հայտնում է Ahval–ը:
Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ հարցին պատասխանելով` Փյաթը խոսել է կործանիչների մասին և ասել․ «Մենք պատրաստ ենք F-35 կործանիչներ վաճառել, երբ Հունաստանը պատրաստ կլինի»։ Դեսպանը հավելել է, որ Վաշինգտոնը ցանկանում է համագործակցել, երբ Աթենքը «որոշի կատարել այս ներդրումը»:
F-35 արտադրող Lockheed Martin ընկերությունից հինգ տարի կպահանջվի՝ Հունաստանում անհրաժեշտ ենթակառուցվածքներ զարգացնելու համար, նշել է դիվանագետը։
Անկարայի կողմից ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո, ԱՄՆ-ն 2019 թվականին Թուրքիային հեռացրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մշակման ծրագրից՝ վկայակոչելով զենքի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ռազմավարությանը համաձայն անվտանգության ռիսկերը:
Անցյալ տարվա նոյեմբերի 30-ին Փյաթն ասել էր․ «ԱՄՆ-ն, ամենաբարձր մակարդակով, ողջունում է Հունաստանի ռազմաօդային ուժերի համար F-35 կործանիչներ ձեռք բերելու հարցում Հունաստանի հետաքրքրությունը»: