Մարդկանց թրաֆիքինգի և սեռական հանցագործությունների համար մեղադրվելուց հետո ԱՄՆ-ում Օլիմպիական խաղերի մարմնամարզության նախկին մարզիչը մահացած է հայտնաբերվել
2012 թվականին Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզության հավաքականի մարզիչ Ջոն Գեդդերտը մահացած է հայտնաբերվել այն բանից հեո, երբ մեղադրվել է 24 հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ երիտասարդ մարմնամարզուհիների նկատմամբ բռնության կիրառելու համար:
Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով Միչիգանի գլխավոր դատախաղ Դանա Նեսելի խոսքերը:
63-ամյա տղամարդը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի, հանցավոր սեռական վարք դրսևորելու և ոստիկանության աշխատակցին ստելու համար: Նա պետք է օրերս ինքնակամ հանձնվեր ոստիկանությանը, սակայն իրավապահները դրա փոխարեն կեսօրին հայտնաբերել են նրա մարմինը:
Ըստ նախնական եզրակացության՝ Գեդդերտն ինքնասպանություն է գործել: Նշվում է՝ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են 2008-ից 2016 թվականներին:
Հիշեցնենք՝ Գեդդերտը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասին հարկադիր աշխատանքի դրդելու, առաջին և երկրորդ աստիճանի սեռական հանցագործության, ոստիկանության աշխատակցին ստելու և մի շարք այլ օրինախախտումների համար:
Դատախազության տվյալների համաձայն, ենթադրյալ հանցագործությունների հետևանքով երիտասարդ մարմնամարզուհիների մոտ մի շարք առողջական խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ անորեքսիա (սննդից հրաժարվելը) և բուլիմիա (սնման խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ): Ատլետներից ոմանք ինքնաապանության և ինքնավնասման փորձեր են կատարել: