Էրնան Կրեսպոն գլխավորեց «Սան Պաուլուն»
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի, «Լացիոյի», «Միլանի» ու «Չելսիի» նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ, hայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
2020 թվականի հունվարից 45-ամյա մասնագետը գլխավորում էր արգենտինական «Դեֆենսիա և Խուստիսիա» ակումբը, որտեղից հեռացել էր փետրվարի 9-ին: Վերջերս Կրեսպոն «Դեֆենսիա և Խուստիսիայի» հետ դարձել էր Սուդամերիկանայի գավաթի հաղթող (Հարավային Ամերիկայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարն է Լիբերտադորեսի գավաթից հետո)՝ նվաճելով մարզչական կարիերայի առաջին տիտղոսը:
Հիշեցնենք, որ արգենտինացին մարզչական կարիերան սկսել է 2014 թվականին Իտալիայում, իսկ մեկ տարի անց ստացել է ՈւԵՖԱ-ի Pro արտոնագիր: Սկզբում նա աշխատել է իր նախկին ակումբ «Պարմայի» համակարգում, հետո գլխավորել է իտալական «Մոդենան» ու արգենտինական «Բենֆիլդը»: