«Նա փոխել է իմ կյանքը». Քեթի Փերին պատմել է դստեր դաստիարակության մասին
Օգոստոսի վերջին ծնվել է Քեթի Փերիի ու նրա սիրելիին՝ դերասան Օրլանդո Բլուզմի դուստրը՝ Դեյզի Դավը։ Զույգն առայժմ չի հրապարակում փոքրիկի լուսանկարը, սակայն առիթը բաց չի թողնում նրա մասին պատմել լրագրողներին։ Երգչուհին Instagram-ի ուղիղ եթերում հայտնել է, որ դստեր լույս աշխարհ գալը փոխել է իր բնավորությունն ու կյանքը։
«Նա փոխել է իմ կյանքը եւ մինչ այժմ շարունակում է անել դա։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուրն, ով մայր է դառնում, հասկանում է դա։ Դու պարզապես ամբողջությամբ կենտրոնում ես մայրության վրա։ Դա տեղի չի ունենում այն պատճառով, որ դադարում ես սիրել մյուսներին․ դու պարզապես ցանկանում ես լավ մայր լինել։ Շատ բան է երկրորդ պլան անցնում։ Մայր լինելն աշխարհի լավագույն աշխատանքն է։ Խորհուրդ եմ տալիս, երբ դրան պատրաստ կլինեք»,- ասել է աստղը։
Քեթի Փերին աշխատանքին վերադարձել է ծննդաբերությունից վեց շաբաթ անց, թեեւ փորձում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել փոքրիկի հետ։ «Ես տեսնում եմ, թե որքան է փոխվել դուստրս վերջին հինգ ամիսների ընթացքում։ Նայելով լուսանկարները՝ ես մտածում եմ. «Օհ»։ Դա բացառիկ միջոց է դիտելու մարդկային կերպարանքի փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Մեկ, եւ դու արդեն նկատում ես, որ նա թմբլիկ այտեր ունի։ Դա ինչ-որ իմաստով ինձ ոգեւորել է ավելի գնահատել ապրած յուրաքանչյուր օր»,- եզրափակել է երգչուհին։
Փոքրիկը Քեթիի առաջին երեխան է, իսկ դերասանը 9-ամյա որդի ունի, որը լույս աշխարհ է եկել Միրանդա Քերի հետ ամուսնության ընթացքում։ Բլումն ու Քեթին ծանոթացել են 2016թ․-ին, հանդիպել մոտ մեկ տարի, հետո բաժանվել։ Մի քանի ամիս առանձին անցկացնելով՝ Քեթին եւ Օրլանդոն որոշել են միավորվել, իսկ 2019թ․-ին Վալենտինի օրը դերասանը Քեթիին առաջարկություն է արել, որին երգչուհին դրական պատասխան է տվել։