«Մեզ մոտ դժգոհողները կառավարական հիմնարկներն ու կապիտոլիումները չեն գրոհում»․ Լուկաշենկոն՝ Բելառուսում ժողովրդավարական գործընթացների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժողովրդավարական գործընթացների զարգացման տեսանկյունից Բելառուսում, ի տարբերություն արևմտյան երկրների, նորմալ իրավիճակ է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեզ մոտ դժգոհողները կառավարական հիմնարկներն ու կապիտոլիումները չեն գրոհում, մեզ մոտ ժողովրդավարական գործընթացների զարգացման տեսանկյունից միանգամայն նորմալ իրավիճակ է։ Եվ սա է Եվրոպայում առանձին քաղաքական գործիչների դժգոհության գլխավոր պատճառը»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ իրեն ցանկանում են մեղադրել «իր երկիրն ու մարդկանց» պաշտպանելու համար։
«Ես պարտավոր եմ ապահովել մարդկանց և պետության հասարակական, ներքին և արտաքին անվտանգությունը։ Գուցե այդ կապակցությամբ իմ գործողություններն Արևմուտքում ինչ-որ մեկին դուր չեն գալիս, բայց դա նրանց խնդիրն է»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները։