ՀԱՊԿ-ում կան Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող երկրներ, ՀԱՊԿ-ին դիմելը կարող էր լինել անարդյունք. Ալեն Սիմոնյան
Պատերազմի ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին իր սահմաններում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ։ Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք։
Իսկ երբ միջադեպ է եղել ՀՀ սահմանի հետ կապված, դիմվել է, նաև ես եմ ելույթ ունեցել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո Ռուսաստանի Դաշնության պետդումայի ղեկավար Վոլոդինի կողմից նաև եղել է դիմում ՀԱՊԿ ղեկավար Զասին, որ ինքը նույնպես արձանագրի: Դրա տեսագրությունը կա»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով նրան, որ հրադադարից առաջ ինքը մեկնել էր Մոսկվա գործուղման, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Մոսկվայում ես իմ գործընկեր Վլադիմիր Վարդանյանի հետ եմ եղել։ Հանդիպումներ ենք ունեցել Պետդումայի և Դաշնային խորհրդի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչների հետ, քննարկվել է այդ պահի իրավիճակը և հնարավոր քայլերը, որոնք հնարավոր կլիներ շուտափույթ լուծում տալու համար։ Հանդիպումներ են եղել նաև լրագրողական ներկայացուցիչների հետ։ Ուղղակի այդ ժամանակահատվածում ճիշտ չէի գտնում, առավել ևս երբ վերադարձա, արդեն հայտարարությունը կար, դրա մասին խոսել»: