«Գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու». Փաշինյանն ուղիղ եթեր էր մտել Սյունիք մեկնելու ճանապարհին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոմեքենայից ուղիղ եթեր է մտել Սյունիք մեկնելու ճանապարհին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ հույս ունեմ դրանում կհամոզվեք, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը ամենեւին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, ես այս որոշումը կայացրել եմ սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի ու գնահատանքի տուրքը մատուցելու: Երկրորդը, առավել կարեւորը՝ ուղիղ ձեր աչքերին յալեով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ի վիճակի կլինեմ դրանց պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին առանց այն էլ լարված այս իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել. «Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու եւ ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետեւ պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Կփորձեմ ի ցույց դնել, որ ձեր առջեւ ունեցած իմ պարտավորությունները կատարել ու կատարում եմ լիարժեք: Ես հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, որովհետեւ այս իրավիճակը կարող ենք հաղթահարել իրար հետ: Նորից ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի տրածքից ոչ մի մմ տրածք կամ հող չի զիջվել: Սրա մասին նաեւ հույս ունեմ ձեզ հետ խոսել, խոսել բաց, խոսել նաեւ կոնֆիդենցիալ, որպեսզի խոսակցությունը լինի ամբողջական»,-ընդգծեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:
Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, ոստիկանները թույլ չէին տալիս, ինչը վերաճեց քաշքշուկի: Քաղաքացիներից ոմանք սկսեցին հարվածներ հաացնել իրենց ճանապարհը փակած ոստիկաններին:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիքի մարզ, ծնոթանալու անվտանգության հետ կապված հարցերին: Նա հանդիպում է ունենալու նաեւ քաղաքացիների հետ: