Կորոնավիրուսով վարակման դեպքերի աճից խուսափելու համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մուտքը Սերբիա կսահմանափակվի
Սերբիայի կառավարությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ընթացքում մուտքը երկիր սահմանափակելու որոշում է կայացրել, հաղորդում է ТАСС-ը:
Սահմանափակումը գործելու է դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 10-ը:
Սերբական Սփյուռքի ներկայացուցիչները, որոնց թիվը հասնում է մոտ 1.7 միլիոնի, սովորաբար տոնական օրերին ժամանում են Սերբիա: Որպեսզի հնարավոր լինի զանգվածային վարակման դեպքերից խուսափել, ինչպես եղավ գարնանը, Սերբիայի իշխանությունները արգելել են մուտքը երկիր առանց կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական պատասխան ունենալու, որի 48 ժամը լրացած չի լինի: Սա վերաբերում է նաև օտարերկրացիներին:
«Այն դեպքում, երբ թեստի պատասխան առկա չի լինի, երկիր մուտք գործողները պարտավոր են 10 օր տնային պայմաններում ինքնամեկուսանալ, թեստավորվել, և եթե պատասխանը բացասական լինի, ապա ինքնամեկուսացման պահանջը կվերանա»,- ասված է կառավարության որոշման մեջ:
Սերբիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով 3888 մարդ է վարակվել, մահացել է 52-ը, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2632-ի: