«Հեզբոլլահ»-ի կամ «ՀԱՄԱՍ»-ի հետ հակամարտության դեպքում Իսրայելի համար աննախադեպ սպառնալիք կստեղծվի. Իսրայելի ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոն
Իսրայելի ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը նախազգուշացրել է երկրի հյուսիսային շրջանում «Հեզբոլլահ»-ի (իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ խումբ՝ տեղակայված Լիբանանում) հետ առաջիկա դիմակայության վտանգի մասին, հայտնում է almasdarnews.com –ը՝ հղում տալով կազմակերպության թվիթերյան էջին:
Կենտրոնի ուսումնասիրության՝ կիրակի օրը հրապարակված հատվածներում նշվում է, որ եթե Իսրայելը հնարավոր առճակատման մեջ մտնի «Հեզբոլլահ»-ի կամ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ, ապա նախորդ բախումների հետ համեմատած իսրայելական ներքաղաքական ճակատը կկանգնի աննախադեպ սպառնալիքի առջև:
Ուսումնասիրության մեջ ասվում է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ բախման հետևանքով հրթիռակոծվելու են ոչ միայն երկրի ռազմավարական ենթակառուցվածքները, այլ նաև կենսական նշանակության հաստատությունները:
Թել Ավիվի համալսարանին առընթեր ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը շեշտել է, որ «Հեզբոլլահը» փորձելու է գրավել Գալիլեայի հյուսիսի կամ Գոլանի բարձրունքի բնակեցված տարածքները:
Իսրայելի մի քանի պետական այրեր նախապես զգուշացրել էին երկրի հյուսիսում «Հեզբոլլահ»-ի և հարավում «ՀԱՄԱՍ»-ի ռազմական գործողությունների վտանգի մասին, ինչը կարող է վնաս հասցնել իսրայելական ենթակառուցվածքներին և որի հետևանքով լիբանանյան սահմանի երկայնքով կարող են գրավվել Գոլանի բարձրունքը կամ Գալիլեայի տարածքները: