Ուկրաինայի փոխվարչապետը սկանդալի կենտրոնում է հայտնվել. Կաշառքի փորձ և կարանտինի խախտում Թուրքիայում
Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ Թուրքիայում գտնվելու ժամանակ խախտելով կարանտինային սահմանափակումները, հաղորդում է «Ուկրաինա 24»-ի թելեգրամյան ալիքը:
«Ուկրաինայի փոխվարչապետը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել, այն էլ այլ պետության տարածքում: Թուրքիայում: Պարոն Ուրուսկին դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ եւ վիրավորել թուրքական հյուրասիրությունը»,-գրում է լրատվամիջոցը:
Հաղորդվում է կարանտինային միջոցների խախտման եւ կաշառքի փորձի մասին:
«2020 թվականի օգոստոսի 26-29-ին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նախարարը թուրք գործարարների հետ ընթրել է Ստամբուլում գտնվող Çırağan Palace Kempinski հյուրանոցում: Ընթրիքի ժամանակ նա եւ պատգամավոր Գալուշկոն հեռացել են եւ թուրք դեսպան Սիգիբիից պահանջել մեքենա նրանց այլ հյուրանոց տեղափոխելու համար, որտեղ անցկացվում էր Պավլյուկի դստեր հարսանեկան արարողությունը, որին մասնակցող մարդկանց եւ հենց Ուրուսկիի համար միեւնույնն էր, որ այդ օրերին Թուրքիայում ցանկացած միջոցառման անցկացման արգելք է գործում: Սակայն, հավանաբար, Ուրուսկին թուրքերին խոստացել է վաճառել «Մոտոր Սիչի» բաժնեմասերը, եւ թույլատրել են մասնակցել հարսանեկան արարողությանը»,-հաղորդում է ալիքը:
Ընդ որում, հարսանեկան արարողությունը վրդովեցրել է տեղաբնակներին, եւ վերջիններս ոստիկանություն են կանչել:
«Այժմ Ուրուսկին եւ բոլոր հյուրերը պետք է պատասխանատվության ենթարկվեն թուրքական օրենքներով: Մեր տեղեկություններով՝ ուկրաինացի դիվանագետները նույնիսկ զեկույց են ձեւակերպել տեղի ունեցածի մասին, եւ այն փոխանցվել է ԱԳՆ ղեկավարին եւ վարչապետին: Ի դեպ, Ուրուսկիի նկատմամբ կարգապահական պատիժ չի կիրառվել: Իսկ ցանկացած նորմալ երկրում նրան պաշտոնաթող կանեին»,-հաղորդում է թելեգրամյան ալիքը: