Փարիզում սկսվել է Սարկոզիի դեմ հարուցված գործի քննությունը
Փարիզի դատարանը սկսում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործի քննությունը: Նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար. քաղաքական գործիչը ժամանել է դատարանի դահլիճ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Արագ քայլով մտնելով դատարանի դահլիճ՝ Սարկոզին չի պատասխանել ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչների հարցերին:
Այսօր սկսված լսումները ենթադրաբար կտևեն մինչև դեկտեմբերի 10-ը:
Գործով որպես մեղադրյալներ անցնում են նաև Սարկոզիի փաստաբան Տիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժիլբեր Ազիբերը:
Հետաքննության համաձայն՝ Ֆրանսիայի նախկին ղեկավարը, իր փաստաբան Էրզոգի միջոցով, հնարավոր է, խոստացել է օգնել Ազիբեին Մոնակոյում պաշտոն ստանալու հարցում`մեկ այլ հետաքննության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության դիմաց. այդ հետաքննությունը վերաբերում է ֆրանսիական L'Oreal ընկերության ժառանգորդ Լիլիան Բետանկուրի կողմից 2007-ին Սարկոզիի նախագահական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման գործին:
Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, նախագահական ընտրությունների ֆինանսավորման հետաքննության շրջանակներում, 2013-ի սեպտեմբերին քննիչները սկսել են գաղտնալսել Սարկոզիի հեռախոսային խոսակցությունները: 2014-ի սկզբին նրանք հայտնաբերել են, որ քաղաքական գործիչը շփվում էր իր փաստաբան Էրզոգի հետ կեղծ անուններով գրանցված բջջային հեռախոսներով:
Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: BFMTV հեռուստաալիքի եթերում նախկին առաջնորդը մասնավորապես նշել է, որ Ազիբերը Մոնակոյում ոչ մի պաշտոն չի ստացել:
Գործով մեղադրյալներին կարող է սպառնալ տաս տարվա ազատազրկում և տուգանք մինչև մեկ միլիոն եվրո:
Հերթական դատական գործընթացը ընդդեմ Սարկոզիի ՝ 2012 թվականի նրա նախագահական ընտրարշավը ֆինանսավորելու գործով, կսկսվի հաջորդ գարնանը: