Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումը կարող է ամենաօպտիմալ լուծումը, բրիտանական «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ТАСС-ը:
Վարչապետն ասել է, որ ինքը հանդես է գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է կողմ լինեն բոլոր կողմերը:
«Եվրոպան պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։