Չինաստանում սառեցված մթերքի տուփի վրա առաջին անգամ կորոնավիրուս են հայտնաբերել
Չինաստանում սառեցված մթերքի փաթեթի վրա առաջին անգամ հայտնաբերել են կորոնավիրուս, եւ այդ փաթեթի հետ շփման դեպքում մարդը կարող է վարակվել, նշվում է Չինաստանում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում, հաղորդում է ՌԲԿ-ն:
Մասնագետները հայտնաբերել են կենդանի կորոնավիրուսը սառեցված ձողաձկան ներկրված փաթեթի վրա, երբ հետաքննել են երկրի արեւելքում՝ Ցինդաո քաղաքում COVID-19-ի նոր բռնկման պատճառով:
«Ցինդաոյում սառեցված մթերքի փաթեթի վրա կորոնավիրուսի հայտնաբերումն առաջին դեպքն է, երբ լաբորատորիայից դուրս հաստատվել է, որ նոր կորոնավիրուսը կարող է պահպանվել փաթեթի վրա առանց հատուկ պայմանների երկար ժամանակ շարունակ»,-հայտնել են Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից՝ հավելելով, որ դեռեւս չի գրանցվել կորոնավիրուսի դեպք սառեցված մթերքի հետ շփման հետեւանքով: Այդ եղանակով վարակվելու ռիսկ կա, սակայն շատ ցածր է, նշել են կենտրոնում:
Միեւնույն ժամանակ խորհորդ են տվել սառեցված մթերքների հետ աշխատող մարդկանց չդիպչել դրանց առանց պաշտպանիչ միջոցների, ինչպես նաեւ չդիպչել բերանին, քթին կամ աչքերին նախքան աշխատանքային հագուստը փոխելը, որի վրա կարող է հայտնվել վիրուսը, ինչպես նաեւ լվանալ ձեռքերը եւ պարբերաբար հանձնել COVID-19-ի թեստ:
Ավելի վաղ Չինաստանում սառեցված մթերքների փաթեթավորման վրա հայտնաբերել են միայն COVID-19-ի մասնիկներ, սակայն ոչ կենդանի վիրուսը: Օգոստոսին կորոնավիրուսի հետքերը հայտնաբերվել են ծովախեցգետնի տուփի վրա, որը ժամանել էր Էկվադորից Չինաստանի արեւելքում գտնվող Անխոյ նահանգ, հաղորդում է Reuters-ը: Սեպտեմբերին ՉԺՀ-ում կորոնավիրուսի մասնիկներ են հայտնաբերվել Ռուսաստանից ներկրված կաղամարի տուփի վրա: