Վաղարշակ Հարությունյան. Թուրքիան ձգտում կուլ տալ Ադրբեջանը
Ագրեսիան Արցախի դեմ նախապատրաստվել է Թուրքիայում, իսկ Անկարայի գործողությունները մի քանի նպատակ են հետապնդում: Այս մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Ըստ նրա` թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռակողմ դաշինքի նպատակը պաշտպանության ճեղքումն էր մի քանի ուղղություններով: Հարավից նրանք փորձում էին կտրել Իրանի սահմանը եւ հասնել Մեղրի` կապվելով Նախիջեւանի հետ: Հյուսիսում փորձում էին մոտենալ Ստեփանակերտին եւ Քարվաճառին, կտրել Լաչինի ճանապարհը եւ շրջափակել Արցախը: «Սակայն նրանք ոչ միայն չկարողացան հասնել վերջնական նպատակին, այլ նույնիսկ չկարողացան հասնել առաջին օրը դրված նպատակին: Պետք է հասկանալ, որ պատերազմը նախապատրաստվել է Թուրքիայում եւ նեոօսմանիզմի նպատակներ է հետապնդում: Թուրքիան լուծում է իր սեփական խնդիրները: Դրանցից մեկն Ադրբեջանին կուլ տալն է: «Մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւը պետք է վերաձեւակերպել որպես «մեկ ազգ` մեկ պետություն»:
Մյուս կողմից, Թուրքիան փորձում է բարձրացնել իր սեփական դերը եւ հիմնական գործոն դառնալ ՄԽ շրջանակներում: Այդ մասին է վկայում նաեւ Ռուսաստանին սիրիական տարբերակ առաջարկելու փորձը Ղարաբաղում: