Պոմպեոն Հարավարևելյան Ասիայի երկրներին կոչ է աչել դիմակայել չինական «ահաբեկումներին»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հարավարեւելյան Ասիայի երկրներին հորդորել է դիմակայել «ահաբեկումներին» Չինաստանի կողմից եւ վերանայել գործնական հարաբերությունները չինական պետական ընկերությունների հետ, փոխանցում է Reuters-ը:
Ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) արտաքին գործերի նախարարների հետ վիրտուալ հանդիպմանը` Պոմպեոն ասել է, որ տարածաշրջանը պետք է վստահություն ունենա Միացյալ Նահանգների նկատմամբ եւ իմանա, որ կարող է ապավինել իրենց աջակցությանը:
«Վերանայեք գործնական հարաբերությունները պետական ձեռնարկությունների հետ, որոնք ճնշում են ՀԱՊԱ-ի պետություններին Հարավչինական ծովում: Թույլ մի տվեք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը շրջանցել ձեզ»:
ՀԱՊԱ-ն հայտարարել է, որ չի ցանկանում աջակցել որեւէ կողմին Հարավչինական ծովում երկու տերությունների կողմից վերջերս ռազմական ակտիվության աճի շուրջ տարաձայնությունների ֆոնին:
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին ասել է. «Մենք չենք ցանկանում ընկնել այս մրցակցության ծուղակը»: Չինաստանի պետական խորհրդական Վան Ին չորեքշաբթի ասոցիացիայի նախարարներին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավչինական ծովին եւ ռազմականացման է տանում այն: