Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը
Մայիսի 21-ին Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական եւ մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: 2005-ին ընտրվել է հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: 2010-ին ընտրվել է Արցախի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում:
Խորհրդարանի նախագահի պաշտոնի թեկնածուի իր խոսքում Թովմասյանն առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունն ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների հետ (Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային Օսեթիա), այդ թվում՝ խորհրդարանների միջեւ բարեկամական խմբերի ստեղծման միջոցով:
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահի տեղակալ է ընտրվել «Միացյալ հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը:
«Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Էդուարդ Աղաբեկյանն ընտրվել է Արցախի խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Քարտուղար է ընտրվել Մետաքսե Հակոբյանը, որը ներկայացնում է Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցությունը:
Հանձնաժողովի կազմում ընտրվել է մեկական պատգամավոր «Միացյալ հայրենիք», «Դաշնակցություն» եւ Արցախի Դեմոկրատական կուսակցությունների խմբակցություններից: