Գերմանիան զենք է վաճառում Լիբիայում կոնֆլիկտի կողմերին աջակցող երկրներին
Գերմանիայի իշխանությունները 2020 թվականի հունվարի 1-ից հավանություն են տվել Լիբիայում կոնֆլիկտի կողմերին աջակցող երկրներին սպառազինության նոր մատակարարումներին: Այս մասին ասվում է Բունդեսթագի Ձախական կուսակցության պատգամավոր Սեւիմ Դագդելենի խնդրանքով Գերմանիայի կառավարության պատասխանում, հաղորդում է DW-ը:
Հաստատված զենքի արտահանման ընդհանուր գումարի զգալի մասը՝ ավելի քան 4,2 մլն եվրո, բաժին է ընկնում Կատարին: Արաբական Միացյալ Էմիրությունները 50 500 եվրոյի սպառազինություն է գնել, Թուրքիան՝ 18 600 եվրո, Եգիպտոսը՝ 4620 եվրո:
Կառավարությունն իրեն վերածում է «կասկածելի միջնորդի»՝ կարծիք է հայտնել Դագդելենը: Քաղաքական գործիչը կոչ է արել դադարեցնել կոնֆլիկտի կողմերին աջակցող երկրներին սպառազինությունների արտահանումը:
Հունվարին Բեռլինում լիբիական կարգավորման հարցով համաժողով է անցկացվել, մասնակիցները պայմանավորվել են հետեւել զենքի մատակարարման արգելքին: Լիբիայի աջակցման հարցով ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրին շարունակում են զենք մատակարարել՝ չնայած էմբարգոյին: Լիբիայի հարցով հաջորդ համաժողովը կանցկացվի մարտին Բեռլինում: