Գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օր
Ամեն տարի, սկսած 2016 թվականից, ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է Գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրը։
Նոր տոնի նախապատմությունը հետեւյալն է՝ 2013թ․ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ-ն ընդունեց «Գիտությունը, տեխնիկան եւ ինովացիաները՝ զարգացման նպատակներով» բանաձեւը, որում ճանաչում էր ցանկացած տարիքի կանանց եւ աղջիկների հավասար ու լիարժեք հասանելիությունը գիտության, տեխնիկայի եւ ինովացիաների ձեռքբերումներին ու զարգացմանը՝ որպես տվյալ ոլորտում գենդերային հավասարության գրավական։ Իսկ երկու տարի անց ԳԱ հերթական գումարման նիստում ընդունվեց փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օր հռչակելու բանաձեւը։
Բանաձեւի հիմնական նպատակը գիտական ոլորտում կանանց եւ աղջիկներին ներգրավելու որակական փոփոխությունների ձեռքբերումն է։ Թեեւ վերջին 15 տարիներին համաշխարհային հանրությունը զգալի հաջողությունների է հասել այդ ոլորտում, սակայն կանայք ու աղջիկները մինչ այժմ բախվում են ոլորտում սահմանափակումների հետ։