ԵԱ. Կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին հաղթել է ադրբեջանցուն եւ դուրս եկել եզրափակիչ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, Բուլղարիան ներկայացնող 55 կգ քաշային Էդմոնդ Նազարյան կիսաեզրափակիչում գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի նկատմամբ, որն էլ հաղթել էր այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանին:
Ոսկե մեդալի համար պայքարում Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի որդին փետրվարի 11-ին կմրցի ռուսաստանցի Վիտալի Կոբալոեւի հետ:
Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը գորգ էին դուրս եկել նաեւ Հայաստանի 5 ներկայացուցիչ: Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ դուրս մնացել պայքարից: Կարապետ Չալյանը փետրվարի 11-ին կպայքարի բրոնզե մեդալի համար: