Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որևէ գործով որևէ կարգավիճակ չի ունեցել
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որին այսօր հայտնաբերել են մահացած, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում որեւէ քրեական գործով որեւէ կարգավիճակ չի ունեցել:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Կուտոյանի դին հայտնաբերվել է մոտ մեկ ժամ առաջ. ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը:
Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:
Այս պահին պաշտոնապես հայտնի չէ, Կուտոյանին սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպան է եղել: