Նժդեհի արժանապատվությունն եմ պահել. Շահեն Հարությունյանի կողմից արձանը ներկելու փաստով քրգործ չի հարուցվի
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիրով ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ իր համար ամեն զարգացում էլ սպասելի է եղել։
«Ես երկար բացատրություն էի գրել, թե ինչու եմ նման բան արել։ Երբ կարդային դա, դժվար կլիներ գործ հարուցել։ Մերժել են հանցագործության դեպքը բացակայելու հիմքով, որովհետեւ ես ի՞նչ հանցագործություն եմ արել։ Ես Նժդեհի արժանապատվությունն եմ պահել, հայի արժանապատվությունն եմ պահել։ Եթե իմանան՝ մեր նկատմամաբ ինչ անեն՝ համարժեք պատասխան են ստանալու, հաստատ նման վիրավորական վարքագիծ չեն դրսեւորի»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ ենթադրում է, որ վարչական պատասխանատվության կենթարկեն իրեն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կարմիրով ներկել է Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկման։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել միջադեպի կապակցությամբ։