Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները գրանցել են աճի դրական դինամիկա. ՀՀ ԱԳՆ
Վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները աճի դրական եւ կայուն դինամիկա են գրանցել ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության, ինչպես նաեւ մշակույթի ոլորտներում: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի կառավարությունների միջեւ սովորական անձնագրերով քաղաքացիների համար մուտքի վիզաների փոխադարձ չեղարկման մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը դրական կանդրադառնա ոչ միայն զբոսաշրջության ցուցանիշների վրա, այլեւ մշակութային համագործակցության ակտիվացման վրա:
Փոխնախարարը պարզաբանեց, որ նոր համաձայնագրով նախատեսվում է 2 երկրների քաղաքացիներին ազատել մուտքի վիզաների առկայության պահանջից՝ 2 երկրների տարածքում 90 օրից պակաս գտնվելու ժամանակ:
Սակայն ավելի երկարատեւ ժամկետի դեպքում, օրինակ, աշխատանքի կամ ցանկացած այլ գործունեության նպատակով, քաղաքացիները պարտադիր պետք է մուտքի վիզա ստանան:
Ընդ որում, ինչպես նշեց Ադոնցը, համաձայնագրում կան որոշակի վերապահումներ, որոնք վերաբերում են Չինաստանի ամբողջ տարածքին, բացառությամբ Հոնկոնգի եւ Մակաոյի, այս շրջանների համար գործելու են իրավական այլ կարգավորումներ: