«Ես սրա տակ տեսնում եմ քաղաքական մանիպուլյացիաներ». Զավեն Հարությունյան
Ինչպես արդեն ասել էինք, այսօր ևս բողոքի ակցիաները Երևանի փողոցներով շարունակվում էին, ինչը հատկապես վրդովվեցրել էր դասախոսներից Զավեն Հարությունյանին:
Ես չեմ կարծում, որ վիճակն այնքան ծայրահեղ է, որ պետք է դասադուլներ անել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչը` անդրադառնալով երիտասարդների ցույցին համալսարանի մոտ:
«Սա իմ համոզմունքն է որպես երկար տարիների մանկավարժ, որպես մտավորական: Ես հարգում եմ եւ ուսանողներին, ես ինքս միշտ ակտիվ եմ եղել, միշտ ուսանողների կողքին եմ եղել, բայց այս ծայրահեղ ձեւը, դեռ ժամանակը չէ: Որոշակի ժամանակ է պետք, երկխոսության կարիք կա, եւ ես սրա տակ տեսնում եմ քաղաքական մանիպուլյացիաներ»,-ասաց նա:
Նրա խոսքով` ինքը այդ մանիպուլյացիաները տեսնում է նաեւ համալսարանում, երբ որոշ դասախոսներ Ֆեյսբուքն օգտագործելով ոտքի են հանում ուսանողներին` մոլորության մեջ գցելով:
«ԵՊՀ-ի բոլոր ուսանողները դուրս չեն եկել ակցիաների եւ չեն կիսում նրանց տեսակետը, կարող է համաձայն են, բայց երկխոսության: Եւ հենց նոր վերջին խուլիգանի նման ինձ հետ խոսեց եւ դրա հետեւից ուսանող պետք է գնա՞»,-ասաց դասախոսը` նշելով, որ ինքն ընդամենը զգուշացրել է, որ ցածր անցկացնեն ակցիան, քանի որ դասերին են խանգարում:
Նրա կարծիքով` ակցիաներ անցկացնելու փոխարեն կարելի է նախարարին հրավիրել եւ քննարկում անհցկացնել խնդրի շուրջ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:
Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: