Հայտնաբերվել է նորածինների մահացու վտանգավոր հիվանդության հայտնաբերման միջոցը
Լուիզիանայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են սպիտակուց, որով կարելի է կանխատեսել նորածինների աղիքների մահացու վտանգավոր վարակի՝ նեկրոզացնող էնտերոկոլիտի, անգամ զարգացած երկրներում նորածիններին մահվան հասցնող ամենատարածված պատճառներից մեկի առաջացման հավանականությունը։
Միայն ԱՄՆ-ում նեկրոզացնող էնտերոկոլիտից մահանում է 500 փոքրիկ, հիվանդացած յուրաքանչյուր երկրորդ նորածինը։ Ամենից հաճախ նեկրոզացնող էնտերոկոլիտի զոհ են դառնում անհաս երեխաները։ Սովորաբար հիվանդությունը հայտնաբերվում է ուշ, եւ երեխային օգնելն արդեն գրեթե անհնար է լինում։ Հենց այդ պատճառով որքան արագ կատարվի ախտորոշումը, այնքան ավելին կլինեն երեխային փրկելու շանսերը։
Երեխայի կղանքի նմուշներում, գիտնականների խոսքով, կարելի է գտնել սպիտակուց, որով բարձր ճշգրտությամբ (մինչեւ 97 տոկոս) կարելի է ախտորոշել նեկրոզացնող էնտերոկոլիտը։ Ընդ որում՝ դա կարելի է անել մինչեւ առաջին ախտանշանների հայտնվելը։
Նշենք, որ այդ հիվանդության առաջացման պատճառները եւ զարգացման մեխանիզմներն առայժմ մինչեւ վերջ հայտնի չեն։ Հիվանդությունն սկսվում է հաստ կամ բարակ աղիքի բորբոքմամբ, ինչից հետո մանրէներն ախտահարում են ամբողջ աղեհամակարգը՝ սկսելով ոչնչացնել հյուսվածքներն ու անգամ տարածվել այդ օրգաններից դուրս։